понедельник, 27 мая 2013 г.

ՕԳՆԵՆՔ ՀՆԳԱՄՅԱ ԼԻԼԻԹԻՆ

Լիլիթը և նրա եղբայր Հայկը զույգեր են, ծնվել են 11.02.2008թ:

Ահա գեղեցկուհի Լիլիթը ,նրա գեղեցիկ և անհոգ աչքերը,նա ապրում էր ինչպես բոլոր երեխաները,սակայն մի օր ավարտեց նրա անհոգ մանկությունը :2012 թ.-ի սեպտեմբերին 4-ամյա Լիլիթի մոտ հայտնաբերվել է երիկամի չարորակ ուռուցք:Այժմ Լիլիթը բուժվում է Ֆրանսիայի Լիլլ  քաղաքի հիվանդանոցներից մեկում:Հունվարին վիրահատել են ,այժմ բուժվում է քիմիատերապիայով:Դեռ երկար պետք  է պայքարեն Լիլիթի բուժման համար:Բուժման առաջին փուլի և վիրահատման համար անհրաժեշտ գումարիմեծ մասը փոխանցված է, բայց բուժումը կտևի ամենաքիչը մեկ տարի,որի համար կպահանջվի ավելի քան 30.000 ԱՄՆ դոլար:Ցանկացած նվիրաբերած գումար կօգնի Լիլիթին:Մարդիկ խնդրում եմ փրկել  հինգամյա փոքրիկի կյանքը:


Փոխանցում կարող եք կատարել Հայէկոնոմբանկի հետևյալ հաշվեհամարներով՝
AMD - 163288028141
USD - 163288028158
EUR - 163288028166
հաշվի պատասխանատու՝ Շուշանիկ Առաքելյան (Լիլիթի մայրը)
հեռ. 091 210 213 Կամո (Լիլիթի հայրը)

ArCa համակարգով փոխանցելու համար քարտի թվերը հետաևյալն են 5406611000030752 (Զ.Թադևոսյան):

www.facebook.com/lilit.petrosyan.9634?fref=pb&hc_location=friends_t
www.facebook.com/kamo.petrosyan.777?fref=pb&hc_location=friends_tab








четверг, 23 мая 2013 г.

Կյանքի և մահու պայքար

Իհարկե հասկանում եմ, որ այս բլոգը նվիրված է հանճարեղ գրող,բանաստեղծ Պարույր Սևակին,սակայն   ես չեմ կարող չարծարծել այս հուզիչ թեման: 2,5 տարեկան Միլենա Տիրացվյանը հիվանդ է լեյկոզով:   Հայրն ՝Կարեն Տիրացվյանը արդեն վաճառել է իր ավտոմեքենան ,տան  արժեքավոր իրերը ,ընկել է պարտքերի տակ և պատրաստվում է նաև վաճառել իր տունը: Կարեն Տիրացվյանի աշխատավարձը բավական չէ այդ իսկ պատճառով  խնդրում եմ բոլորին աջակցել : 2,5 տարեկան երեխան գտնվում է մահվան շեմին ,խնդրում եմ բոլորին օգնել փոքրիկ  Միլենային :  Մարդիկ խնդրում եմ Ձեզ   օգնեք  Միլենային ,եկեք փրկենք նրա կյանքը :Մանրամասն      http://hetq.am/arm/news/24961/leykozov-hivand-25-tarekan-milenayi-hayry-gumar-chuni-erekhayin-buzhman-tanelu-hamar-bacvel-e-hashvehamar.html    կամ    http://hetq.am/arm/news/24769/alaverdium-charorak-urucqayin-hivandutyunnery-mek-tarva-yntacqum--atchel-en-113-ov.html :














пятница, 17 мая 2013 г.


Պարույր Սևակի վերջին հարցազրույցը

1971 թ. հունիսի 14-ին Հայաստանում գտնվող չեխ լրագրող Իրժի Սկոումալը (ճանաչված թանրգմանչուհի Լյուդմիլա Մոտալովայի ամուսինը) ուղևորվում է Չանախչի՝ հանդիպելու Պարույր Սևակին, նրան ձայնագրելու, ինչպես նաև բանաստեղծին «Անլռելի զանգակատան» գրական կոմպոզիցիայի չեխերեն տարբերակի ձայնագրությունը բանաստեղծին հանձնելու նպատակով: Անհնար էր պատկերացնել, որ այդ զրույցից երեք օր անց Սևակն այլևս ողջ չէր լինելու:
Պահպանվել է այդ կարճ հարցազրույցի սղագրությունը, որը ներկայացնում ենք անփոփոխ:

-Ինչո՞վ եք այժմ Դուք զբաղված, Պարույր:
-Ուրեմն, նախ և առաջ, երկու տարի է արդեն գիրք եմ հանձնել, շուտով լույս կտեսնի, զբաղված էի այդ գրքով` պետական հրատարակչության գծով: Եվ երկրորդ` հիմա քանի որ աշխատում եմ նաև Ակադեմիայում, Գրականության ինստիտուտում, «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» այդ գրքի վրա եմ աշխատում: Հավանաբար, մինչև տարեվերջ կվերջացնեմ: Առայժմ իմ ամենաշտապ գործերը դրանք են: Ծրագրեր, պլաններ շատ ունեմ: Դա էլ արդեն հետագայի գործ է: Որից հետո պետք է զբաղվեմ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» (պոեմի) թարգմանությամբ, նույնպես Ակադեմիայի գծով: Ոչ թե բանաստեղծական թարգմանություն դա պետք է լինի, այլ գիտական թարգմանություն: Ըստ որում պիտի ավելացնեմ, որ դա եղել է իմ տարիների, ամբողջ կյանքի մեծ երազանքներից մեկը: Հենց որ «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» վերջացնեմ, անմիջապես անցնելու եմ այդ գործին:
-Իսկ Ֆրիկը չե՞ք թարգմանելու:
-Երևակայեք, որ Նարեկացուց առաջ իմ մտադրություններից մեկը հենց Ֆրիկ թարգմանելն էր: Բայց որովհետև հիմա ծրագրվեց Նարեկացի, Նարեկացուց հետո անպայման կանցնեմ, հաջորդ գործս՝ գիտական, կլինի Ֆրիկը:
-Ի՞նչն եք, Պարույր, Դուք համարում ամենահիմնականը գրողի համար:
-Նախ և առաջ ինքնուրույն մտածողությունը, ազատ մտածելը, ճշմարտությունը կիսատ չասելը: Առանց դրա, եթե Աստված նույնիսկ մեծ տաղանդ տված լինի, որևէ բան դուրս չի գա:
-Ասում են, որ վատ փորձը շատ օգտակար է գրողին…
-Վատ փո՞րձը… Անպայմա՛ն, և ով որ ասել է, միանգամայն ճիշտ է ասել: Բայց, դժբախտաբար, կարելի է վատ փորձ ունենալ և, օգտվելով այդ փորձից, նորից վատ գործ կատարել: Դա էլ կա: Այնպես որ եթե վատ փորձի վրա չես սխալվում, չես էլ զգում, որ սխալվել ես, կարող ես ամբողջ կյանքում վատ աշխատել: Եվ, փառք Աստծու, այնքան գրողներ կան, որ հետո վատ փորձը շարունակեցին մինչև վերջ:
-Ունե՞ք ինչ-որ ծրագիր, որը դեռևս վախենում եք իրագործել:
-Շատ-շատ: Այդպիսի ծրագրեր շատ ունեմ: Նախ և առաջ, վախենում եմ իմ սեփական ուժերից, որ չեմ կարողանում կատարել: Բայց քանի որ արդեն շուտով հիսուն տարեկան եմ դառնում, եթե հիմա էլ չկարողանամ կատարել, ուրեմն երբևէ չեմ կարող կատարել: Հավանաբար, շուտով ինչ որ մտածել եմ, ինչ որ հետաձգել եմ տարիներ շարունակ, այսուհետև կաշխատեմ անել:
-Ըստ Ձեզ, Պարույր, որո՞նք են ժամանակակից հայոց գրականության հիմնական գծերը:
-Նախ և առաջ, մեր գրական նոր մտածողությունը, մի բան, որ մի տասը տարի առաջ շատ քիչ էր: Ամենակարևոր բանը դա եմ համարում:
-Ինչ-որ մեկը ինձ ասել է կամ ես եմ ինչ-որ տեղ կարդացել, որ մարդկանց պետք է նախապատրաստել կոսմիկական դարաշրջանի համար: Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին:
-Իմ կարծիքով կոսմիկական դարաշրջանի և գրականության հարցերը բոլորովին տարբեր են: Կարելի է թռնել-գնալ Լուսին, վերադառնալ` մնալով միևնույն մարդը: Այնպես որ հարկավոր է մարդուն պատրաստել ոչ թե թռիչքների երկրագնդից դուրս, այլ այնպես անել, որ երկրագնդում կարողանա այդ թռիչքները գործել, թեկուզ մի երկրից մյուս երկիր:
-Շուտով արդեն չեխ ընթերցողը կծանոթանա Ձեր գրքին: Կուզենայի՞ք որևէ բան ասել նրան:
-Ամենից առաջ ես շատ կուզենայի, որ Ձեր ունկնդիրները իմանային, թե մի ամբողջ ժողովուրդ, հայ ժողովուրդը ինչքան է սիրում և իրեն երախտապարտ զգում Լյուդմիլա Մոտալովային, որի շնորհիվ է, որ հայոց գրականությունը այսօր հնչում է Չեխոսլովակիայում: Գալով Չեխոսլովակիային և առհասարակ չեխ և սլովակ ժողովուրդներին` ամբողջ սրտով, ինչպես եղբայրը եղբորը կարող է ցանկանալ, ցանկանում եմ բարեբախտություն, երջանկություն և լավագույն ապագա:

ԻՆՉԸ, ԻՆՉՊԵՍ-Ը ԵՎ ՈՐՊԵՍ-Ը

Հարցազրույցը վարել է գրականագետ Ալբերտ Արիստակեսյանը
-Ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել բանաստեղծություններ գրել: Ի՞նչը մղեց բանաստեղծություն գրելուն։ Ե՞րբ են տպագրվել Ձեր առաջին գործերը, որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում։
-Բանաստեղծություններ սկսել եմ գրել մանկական հասակից, 11 տարեկանից, բնավ որևէ իմաստ չդնելով նրանց մեջ։ Տարօրինակ ձևով իմ առաջին ոտանավորը գրել եմ Տուրգենևի «Առաջին սեր» պատմվածքը կարդալուց հետո։ Շատ անբացատրելի բան է. ի՞նչ եմ հասկացել այդ պատմվածքից, ինչպե՞ս է ստացվել, չեմ հիշում, միայն գիտեմ, որ նրա ազդեցության տակ եմ գրել իմ առաջին ոտանավորը։
Հետո գրել եմ, ինչպես ընդունված էր ժամանակին, ըստ օրացույցի՝ հունվարի մեկ, մարտի ութ, մայիսի մեկ, նոյեմբերի յոթ, բայց ոչ ոք չի իմացել, որ ոտանավոր եմ գրել և ոչ մեկին իմ գրածը ցույց չեմ տվել, ոտանավոր գրելը համարելով իմ՝ իբրև անհատի ամենաթաքուն ամենասրբազան, ա֊մենաքրմական արարողությունը։ Եվ ինձ թվում է, ով չունի այդ զգացումը, նա կամ գրամոլ է, կամ կիսագրող։
Ցոթ-ութերորդ դասարանում ես որոշեցի մի չտեսնված գործ կատարել՝ հայ ժողովրդի պատմությունը չափածո շարադրել, և սկսեցի լրջորեն գրել։ Դպրոցից հետո համալսարան ընդունվեցի, որ այդ ազգային սխրագործությունը իրագործեմ։ Բայց, ինչպես և պետք էր սպասել, դրանից ոչինչ չստացվեց և գրածս այրեցի։
Գյուղում գիտեի Եղիշե Չարենցի անունը։ Սուրխաթյանի դասագրքից գիտեի Չարենցի մասին, որ «հայ գրականության ողնաշարն է»՝ Խանջյանի խոսքով ասած։ Իսկ Սուրխաթյանի խոսքերն էլ անգիր գիտեի. «Չարենցի հորիզոնը համաշխարհն է, մոտիվները միջազգային»։ Ուստի շատ ցավեցի, երբ իմացա, որ Չարենցի գրքերը հանելու են գրադարանից, և «Գիրք ճանապարհի» մի օրինակը գողացա ու տուն տարա։ Մինչև լույս կարդացի գիրքը, չհավատացի ո՛չ Խանջյանին, ո՛չ Սուրխաթյանին, որովհետև Չարենցը, ըստ իմ ճաշակի, բնավ բանաստեղծ չէր։Երբ համալսարան եկա, այս անգամ նորից հույժ գաղտնի, որ իսկապես մի կյանք արժեր, կարդացի Չարենց, կարդացի և հասկացա, որ ինչպես ես, այնպես էլ նրանք, ում բանաստեղծ եմ համարել, բանաստեղծ չեն։Դրանից հետո վճռականապես համոզվեցի, որ բանաստեղծ չեմ և սկսեցի զբաղվել բանասիրությամբ, գիտակցաբար չգրելով ոչ մի տող։
Երևի Չարենցն ինձ սպանել էր, հետո հարություն տալու թաքուն մտադրությամբ։
Երկու տարի ոչինչ չգրելուց հետո, անկախ իմ կամքից, պարզապես բնազդորեն, ես նորից սկսեցի ոտանավորներ գրել և տեսա, որ բոլորովին ուրիշ որակի են։Եվ իմ առաջին լուրջ փորձերը գալիս են Չարենցից, ապա՝ Սիամանթոյից ու Վարուժանից, որոնց, բնականաբար, նոր էի կարդում։ Գրական այս փորձերին էլ ոչ ոք տեղյակ չէր, բացի մեկ-երկու շատ մտերիմ մարդկանցից։ Այդպես իմ գրական առաջին փորձերը, իմ կամքից անկախ և հակառակ իմ կամքի, ընկան Ռուբեն Զարյանի ձեռքը, որ այն ժամանակ «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիրն էր, և նա տպագրեց երեք բանաստեղծություն 1942 թվականին, մեր կյանքի ամենածանր տարում։
-Դուք ասացիք, որ նախապես որևէ իմաստ չէիք դնում Ձեր ոտանավորների մեջ, գրում էիք հենց այնպես։ Եվ դա հասկանալի է, երբ նկատի ենք ունենում տարիքը. 11—12 տարեկան երեխան ի՞նչ իմաստ պիտի դներ իր գրածների մեջ։ Բայց հետագայում և ընդհանրապե՜ս ի՞նչը Ձեզ մղեց բանաստեղծության և ինչի՞ եք ձգտում պոեզիայում։
-Պոեզիան մարդկային ինքնարտահայտության ձևերից մեկն է, մարդկային խոսակցության ձևերից մեկը, այն խոսակցության, որ մարդուն տարբերում է կենդանուց։ Կենդանիներն էլ դա ունեն, որ արտահայտվում է ճլվլոցով, մայունով, բառաչով, մի հատկանիշ, որ որոշակի երևում է նաև երեխայի մեջ։ Դա բնազդականն է, ենթագիտակցականը։ Երեխան լաց է լինում այն պատճառով, որ ասելիք ունի՝ կամ ջուր է ուզում, կամ հաց, կամ այլ բան։ Իսկ հասուն մարդու համար (մանավանդ ոտանավորով, այսինքն՝ աննորմալ, ոչ բնական ձնով) խոսք ասելը ենթադրում է միայն մեծ ասելիքի պահանջ։ Եթե չկա այդ մեծ, ընդհանուրի համար կարևոր ասելիքը, բանաստեղծությունը դառնում է մկան կերած մի ընկույզ, երբ ընկույզի միջուկը չկա, մնացել է միայն փուչ կեղևը։
Լև Տոլստոյը մի առիթով ասել է, որ ասելիք ունեցողի համար ոտանավորով խոսելը նման է այն մարդուն, ով արոր է անում պարելով, փոխանակ մաճը բռնելու։ Տոլստոյի այս խոսքը շատ անգամ է օգտագործված ոտանավորի դեմ, որ ճիշտ չէ։ Բանն այն է, որ Տոլստոյը դա ասել է այն բանից հետո, երբ երեք անգամ փորձել է իր «Կուլակներ» վիպակը իբրև պոեմ գրել և եկել է այն եզրակացության, որ նյութը չի տեղավորվում ոտանավորի մեջ։ Տոլստոյը հասկացել է, որ ինքը բանաստեղծ չի։ Բայց դրանից առաջ հասկացել է, որ գրողը նրա համար է, որ իր ասելիքը ասի։ Ուրեմն՝ Տոլստոյի խոսքը ոչ թե ոտանավորի դեմ է, այլ ասելիքի օգտին։
Իսկ ի՞նչ ասել է ասելիք բանաստեղծի համար։ Ասելիք ունեն բանվորը, գիտնականը, երեխան։ Ո՞րն է տարբերությունը։ Ինձ թվում է, բանաստեղծի և գիտնականի գործը տրամագծորեն տարբեր են ու հակառակ։ Եթե նրանք՝ գիտնականները, ուզում են ԱՇԽԱՐՀԸ ԲԱՑԱՏՐԵԼ, բանաստեղծն ուզում է ԱՇԽԱՐՀԸ ԳՆԱՀԱՏԵԼ։ Իսկ գնահատելու մի չափ ու կշիռ կա՝ ճշմարտությունը, որ չի կարող լինել հավերժական, և, փառք աստծո, հավերժական չէ, թե չէ կյանքը վաղուց մեռած կլիներ։ Ճշմարտությունը չի եղել ու չի կարող լինել ո՛չ պաշտոնական, ո՛չ կանխորոշյալ, ո՛չ քարացած։ Այո՛, բանաստեղծը ճշմարտություն որոնող է, և դա վաղուց է ասված, բայց և ավելին, ո՛չ միայն որոնող, որ կրավորականություն է ենթադրում, այլև դարբնող, որ կյանքին նվիրաբերում է պարտադրում։ Առանց դրա բանաստեղծ ո՛չ եղել է, ո՛չ էլ կլինի. վկա՝ համաշխարհային գրականությունը։
-Ինչպե՞ս է Ձեր մեջ ծնունդ առնում բանաստեղծությունը։ Ինչպե՞ս եք գրում բանաստեղծությունը` միանգամից, թե մաս առ մաս։
-Գոնե ինձ համար բանաստեղծության ծնունդը նման է աստղերի ծնունդին։ Ինչպես աստղերը, բանաստեղծությունը առաջանում է միգամածությունից։ Ուստի և անորոշ միգամածության մասին որոշակի որևէ բան ասելը կլինի անհեթեթություն։ ՈՏԱՆԱՎՈՐԸ միգամածության հետ կապ չունի, ամեն ինչ այնտեղ որոշակի է, ամեն ինչ պլանավորված ու հայտնի, և հենց այդ պատճառով էլ ոտանավորները ո՛չ լույս են տալիս, ո՛չ էլ հարատևում։ Բայց եթե խոսքն իսկական ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՅԱՆ մասին է, ապա նա չի կարող չծագել հոգեկան մի հրահեղուկ, քաոսային վիճակից, որով և ստեղծվել է մեր երկրագունդը, նախապես ոչ ոք Մասիսի մակետ չի սարքել։ Բայց ինչպես աշխարհաստեղծության մեջ, այնպես էլ բանաստեղծի սեղանի շուրջ այդ միգամածությունը, անորոշությունը տևում է անորոշ ժամանակ, կարող է պատահել միգամածությունից նոր աստղ ծնվի երեք ժամվա ընթացքում՝ իր որոշակի մեծությամբ, լույսի որոշակի գույնով, իր որոշակի ուղեծրով և, ընդհակառակը, կարող է դա կատարվել տասնհինգից-քսան տարի հետո։ Ես շատ բանաստեղծություններ ունեմ, որոնք ձև ու կերպարանք են ստացել իրենց առաջին տողերի ծնունդից տասնհինգ-քսան տարի հետո։
Առանձնապես ինձ համար մեծ նշանակություն ունի բանաստեղծության վերնագիրը։ Մեծ մասամբ վերնագիր եմ հղանում, հետո դրա տակ՝ բանաստեղծություն։ Ես չեմ կարող բանաստեղծոլթյուն գրել մեջտեղից կամ վերջից։ Եթե առաջին տողերը պատրաստ չեն կամ դուր չեն գալիս ինձ, բանաստեղծությունը շարունակել չեմ կարող։ Մանավանդ նաև այն պատճառով, որ ինչպես իմ հմուտ ընթերցողները նկատած պիտի լինեն, գոնե իմ հաջողված բանաստեղծությունների մեջ առաջին տնից հետո ոչ ոք չի կարող ենթադրել, թե երկրորդ տունը ինչպիսի՛ն պիտի լինի, առավել ևս՝ այդ ամենը ինչո՛վ պիտի վերջանա։
-Ի՞նչ հանգամանքներում եք ամենից ավելի լավ աշխատում, օրվա ո՞ր ժամերին եք գրում։
-Մենակության մեջ։ Եթե երկու-երեք օր մենակ մնամ, ապա հաջորդ օրն անպայման կգրեմ։ Բայց, ավա՜ղ, վերջին ժամանակներս ամիսներ են անցնում, և երկու-երեք օր մենակ մնալու հնարավորություն չի ստեղծվում։ Եվ միթե այս ասելուց հետո պարզ չէ, որ իմ աշխատանքային լավագույն ժամերը դարձյալ մնում են կեսգիշերային ժամերը, երբ կարելի է մենակ մնալ, իր հետ լինել։
-Իսկ ի՞նչ կասեիք «Անլռելի զանգակատուն» պոեմի ծնունդի մասին։ Որո՞նք են եղել այն առաջին տողերը, որոնցով դուք սկսել եք այդ պոեմը։
-Քիչ առաջ խոսեցինք «Կոզակների» գրման պատմությունից։ Տոլստոյը երկու-երեք անգամ այդ գործը գրել է չափածո, հետո գրել է այն, ինչ մեզ արդեն հայտնի Է։ «Զանգակատան» ստեղծագործական պատմությունը և՛ նման է «Կոզակների» պատմությանը, և՛ դրա ժխտումն է։ Նման է, քանի որ իմ ողջ կյանքում ես մտքիս մեջ գրել եմ «Զանգակատունը», ԳՐԵԼ ԵՄ զանազան «ՁԵՎԵՐՈՎ»՝ իբրև վեպ, իբրև վիպակ, իբրև ուսումնասիրություն, իբրև հոդվածների շարք, իբրև ողբերգութուն կամ դրամա. ես գիտեի, որ դա մի օր պիտի գրվի։ Եվ հակառակ «Կոզակների», «Զանգակատուն» պոեմը գրվեց միանգամից, զարմանալի հեշտությամբ ու արագությամբ։ Վերադառնալով քիչ առաջվա պատկերիս, կարելի է ասել, որ միգամածությունը վաղուց պատրաստ էր, բայց ուղեծիր չկար, որով պիտի պտտվեր այս նոր «մոլորակը»։ Իսկ դա կատարվեց Մոսկվայում, մի սարսափելի սառնամանիքային օր։ Նոր էի վերջացրել իմ «Մարդը ափի մեջ» ժողովածուն և հարյուրավոր ծխախոտներ ծխելուց հետո դուրս էի եկել սառնամանիքի մեջ մի բաժակ գարեջուր խմելու։ Եվ աղմկոտ, կեղտոտ, ցուրտ, ծխաշատ գարեջրատանը, հեռավոր Մոսկվայում, հանկարծ ռադիոյից հնչեց կոմիտասյան երգը։ Ինձ համար ամեն ինչ պարզվեց մի վայրկյանում. պարզվեց նախ՝ վերնագիրը՝ «Կոմիտասյան համանվագ», հետո՝ «Հայոց երգարան», հետո՝ «Զարմանալի զանգակատուն», հետո՝ «Անլռելի զանգակատուն», ապա նաև կառուցվածքը՝ ըստ կոմիտասյան երգերի, այսինքն՝ շարադրել Կոմիտասի ողջ կյանքը ըստ նրա համապատասխան երգերի, եթե որբ է՝ «Անտունի», եթե պանդուխտ է՝ «Կռունկ», եթե սիրո մասին է՝ «Սոնա յար»։ Եվ քանի որ գործը մտահղացված էր իբրև համանվագ՝ սիմֆոնիա, կամ իր եկեղեցական կարգը նկատի ունենալով՝ իբրև օրատորիա, ուրեմն պիտի ունենար իր հանդիսավոր սկիզբը։ Այդ պատճառով էլ գարեջրատնից տուն հասնելով նույն օրը գրեցի պոեմի այն մասերը, որոնք հետո պոեմի կառուցվածքի թելադրանքով սկզբից տեղափոխվեցին վերջ.
Դու վարդապե՞տ։
Դու Ամենայն Հայոց երգի Վեհւափառն ես...

(և շարունակությունը՝ մինչև վերջ)
-Ձեր բանաստեղծություններում և ընդհանրապես պոեզիայում ի՞նչ դեր է խաղում կենասգրական տարրը, կյանքի անձնական ընթացքը։ Ի՞նչ եք հասկանում «ինքնարտահայտություն» ասելով։
-Առանց կենսագրական տարրի բանաստեղծություն և առհասարակ, գրականություն չի եղել ու չի կարող լինել։ Բայց բանաստեղծը սովորական մարդ չէ, որ խոսի միայն իր անունից, այդպես կարող են վարվել միայն այն միլիոնավոր հիվանդները, որ կոչվում են գրամոլ։ Բանաստեղծը ծնվում է խոսելու Ի՛Ր ԲԵՐԱՆՈՎ, բայց ԲՈԼՈՐԻ ԱՆՈԻՆԻՑ, ի՛ր կենսագրաթյունից, որ կենսագրություն է հասարակությա՛ն ու դարաշրջանի՛։
Հազվադեպ է լինում, որ բանաստեղծը կամ արվեստագետը ունենում է նշանակալից կենսագրություն, այնպիսի կենսագրություն, որ համապատասխանի տվյալ դարին ու տվյալ ժողովրդին։ Այդպիսի հազվադեպներից են, օրինակ՝ Կոմիտասն ու Չարենցը։ Մինչդեռ հարյուրավոր մեծ բանաստեղծների օրինակներ կարելի է բերել, որոնց անձնական կենսագրությունը բնավ չի համապատասխանում իրենց դարի ու դարաշրջանի մեծ հեղաբեկումներին։ Իսկ նրանք, այնուհանդերձ, դարձել են մեծ բանաստեղծներ շնորհիվ լոկ այն գիտակցության, որ իրենք իրենց կյանքի երգիչները չեն, այլ իրենց ժողովրդի, հասարակության ու դարաշրջանի։ Ուստի և սա մի հատկանիշ է, որ բանաստեղծին ոչ թե պիտի սովորեցնեն դպրոցում կամ համալսարանում, այլ որով պիտի ծնված լինի ինքը։ Կա այդ հատկանիշը՝ անձնական բանաստեղծությունը հնչելու է իբրև հասարակական, ընդհանրական, ինքնակենսագրությունը՝ իբրև դարի «հիվանդության պատմություն», սեփական գաղտնիքները՝ իբրև արխիվային գործ։ Պոեզիան երբեք մանր-մունր բաներից չի ծնվում։ Նորից եմ կրկնում, որքան էլ մարդը օժտված, տաղանդավոր լինի, միևնույն է, բանաստեղծ չի դառնա, եթե մեծ բաների մասին չի մտածում։
-Ինչպես անձնականը, անհատականն է ներդաշնակվում պոեզիայում ընդհանուրի, հասարակականի հետ, այնպես էլ, երևի, ազգայինն ու համամարդկայինը։ Ի՞նչ կասեիք այս կապակցությամբ։
-Անկարելի է չպատկանել որևէ ժողովրդի և դառնալ միջազգային։ Եվ անկարելի է երևակայել որևէ ազգային մեծ գրող, որ չունի միջազգային արժեք։ Չէ՞ որ սա նույն ինքնակենսագրության ու դարի «հիվանդության պատմության», նույն անձնական գաղտնիքի և արխիվային գործի հարցն է։ Եվ ինչպես փոքր են մնում կամ բնավ բանաստեղծ չեն դառնում այն օժտված մարդիկ, ովքեր իրենց անձնականը չեն հասցնում համընդհանուր հնչեղության, ճիշտ նույն ձևով էլ չի կարող միջազգային հեղինակություն վայելել այն ազգային գրողը, որ իր ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈԻԹՅՈԻՆԸ չի բարձրացրել ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՍԱԳՐՈԻԹՅԱՆ
-Իսկ որո՞նք են, Ձեր կարծիքով, ազգային հատկանիշները պոեզիայում, ընդհանրապես գրականության մեջ։
-Ազգայինը նախ և առաջ լեզուն է, որ բառերի կույտ չէ, այլ հոգեբանություն, և իմ ասածը բնավ խոսք չէ, այլ շոշափելի իրականություն։ Եվ այն երկը, ուր կա ազգային հոգեբանություն՝ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՄԻԱՅՆ ԼԵԶՎԻ ՄԻՋՈՑՈՎ,արդեն այնքան է ազգային, որ նույնիսկ, եթե պատկերվող նյութը ազգային էլ չլինի, կմատնի իր ազգայնությունը։ Հիշենք ամենավառ օրինակը՝ Գրիգոր Նարեկացին։ Նրա հանճարեղ պոեմը իր նյութով ոչ մի առնչություն չունի հայ ժողովրդի հետ։ Նույնիսկ ՀԱՅ բառը չկա պոեմում։ Նյութը՝ ո՛չ ազգային, գաղափարը՝ ո՛չ ազգային, ցանկությունը՝ ո՛չ ազգային, պահանջը՝ նույնպես, բայց այդպե՛ս աղոթել, մարդկային տառապանքների, տվայտանքների մասին այդպե՛ս ճենճերալով խոսել կարող էր միայն զավակը այն ժողովրդի, որ ավելի քան հինգ հարյուր տարի զրկված էր պետականությունից, գտնվում էր ազգային ահավոր ճնշումների տակ, կորցրել էր միասնական հայրենիքի գաղափարը, ամեն օր (և հարյուրավոր տարիներ) տեսնում էր կենդանի դժոխքը նախկին «երկիր դրախտավայրում», միասնական և բարեբախտ թագավորություն չուներ, ուստի առավելագույնս երազում էր հոգևոր հայրենիքի մասին, որ թվում էր՝ կգտնի արքայությունում։
Այս ամենի ուղիղ անդրադարձումը չկա «Մատյանում» և, փա՜ռք աստծո, որ չկա, եթե լիներ, իր այդ կոնկրետությամբ, ինչպես վզից կախված քարով, վաղուց ջրասույզ արած կլիներ «Մատյանը»։ Բայց այդ ամենի արտացոլանքը արտահայտված է այնքա՛ն ուժգնորեն, այնքա՛ն հայեցի, ազգային ինքնակենսագրության այնպիսի՛ բեկբեկումներով, որ դժվար է Նարեկացուն թարգմանել ոչ միայն օտար լեզվով, այլ նաև հին հայերենից նոր հայերենի։ Ազգայինի և միջազգայինի գործում Նարեկացու նմանները հազվագյուտ են։ Այս տեսանկյունով Նարեկացուն կարելի է համեմատել իր ժամանակակից հանճարեղ Ֆիրդուսու հետ, երկու հարյուր տարի իրենից հետո ծնված հանճարեղ Ռուսթավելու և հանճարեղ Նիզամու հետ և իրենից երեք հարյուր տարի հետո ծնված Դանթեի հետ, բայց դրա կարիքը չկա նյութի հանրածանոթության պատճառով։
-Ինչպե՞ս եք վերաբերվում բանաստեղծության ձևին: Դո՞ւք եք ընտրում այդ ձևը, թե՞ նա թելադրվում է բանաստեղծության բովանդակությունից։ Սրանցից ո՞րն է կարևոր Ձեզ համար։ Ինչպե՞ս եք հասկանում «ինչ»–ի և «ինչպես»-ի հարաբերության հարցը պոեզիայում։
-Բանաստեղծությունը նախ և առաջ ձև է, այս բառի ոչ թե ձևական իմաստով, այլ բովանդակային։ Եվ մի՛ շտապեք ասածս անհեթեթություն համարելու։ Ամբողջ հարցն այն է, որ ՁԵՎՆ ԷԼ ՈԻՆԻ ԻՐ ԲՈՎԱՆԴԱԿՈԻԹՅՈԻՆԸ։ Առանձին ձև է բանաստեղծությունը, ինչպես որ երգը, ինչպես որ պարը, որոնք, ինչպես գիտենք, մի ժամանակ հանդես էին գալիս միասին իբրև մի ամբողջականություն։ Բանաստեղծությունը առանձին ձև է նաև արձակի համեմատությամբ և թատերգության համեմատությամբ, թեև սրանք բոլորը կոչվում են գրականություն։ Մոռանալ բանաստեղծության ԱՅՍՊԻՍԻ ՁԵՎ լինելը, նշանակում է աստծուն աստվածատուր կոչել։ Այլ բան, որ բանաստեղծությունը իբրև գրական ձև (գրականագիտորեն ասած՝ բանաստեղծության սեռ) ունի նաև իր ձևն ու բովանդակությունը։ Այստեղ արդեն ես մեկ և ոչ էլ երկու անգամ չէ, որ ասել ու շեշտել եմ, թե հանգն ու վանկը բանաստեղծության ձևի արտաքին ՀԱՅՏԱՆԻՇՆԵՐՆ ԵՆ, ոչ թե ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ։ Դրանք կարող են լինել, ինչպես որ կարող են չլինել, եթե բանաստեղծության ՍԵՌԸ առկա է։ Բայց տվյալ դեպքում ես ուզում եմ շեշտած լինել բանաստեղծության հենց այդ սեռը։ Վերջին հաշվով պոեզիան պրոզա չէ և ո՛չ էլ պիես, և ո՛չ էլ սցենար, և եթե ձևերի որոնումը կամ անտեսումը պիտի հասնի բաբելոնյան աշտարակաշինության, ապա դրա վերջը մեզ պիտի վաղուց հայտնի լինի, աշտարակը պիտի փուլ գա, տեղի ունենա «լեզուների» խառնակություն, որին պիտի հետևի «լեզուների» տարբերակում, և ամեն ինչ սկսվի նորից։
Ինչ վերաբերում է բանաստեղծության ձևին, արտահայտչական միջոցներին, հանգ ու վանկին, չափ ու կշռույթին, ապա նախապես ձևը կարող է ընտրել միայն նա, ով ոտանավոր է գրում և ոչ թե բանաստեղծություն։ Եվ ընդհակառակը, ով բանաստեղծություն է գրում, նա ձևի փնտրտուք չի ունենում, նրա միակ նպատակը լինում է իր ասելիքը տեղ հասցնելու մտատանջանքը։


четверг, 16 мая 2013 г.


ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՄԱՆՈՐԻ ՌԱԴԻՈԵԼՈՒՅԹԸ
_Սիրելի ազգակիցներ,
____Երկրագնդի բոլոր միջօրեականներն ու հորիզոնականները անհայրենիք հայի ոտքերով հատած հեռավոր հարազատներ:
____Գալիս է Նոր տարին, Կաղանդը, Ամանորը:
____Գալիս է ու մեզ համար, որ ժողովուրդ ենք, բայց ժողովված չենք: Ուրեմն թող նա գա նախ և առաջ իբրև մեջքապնդող գոտի բոլորիդ համար՝ աշխարհագրական որ գոտիներում էլ լինենք:
____Եթե համբերությունը թել է, մերը պիտի պարան կոչվի և հյուսված լինի ոչ թե թելերից, այլ ջղերից մեր սեփական, մեր մկաններից ու նյարդերից:
____Թող Նոր տարին նորոգի ձեր ջղերը, ամրապնդի ձեր մկանները, երիտասարդացնի ձեր նյարդերը: Աչքերը տեսնելու համար են և ոչ թե միայն ճանապարհ պահելու: Բոլորիս աչքերն էլ ճանապարհ են պահում. մենք՝ ձեր ճանապարհը, դուք՝ մեր ու ձեր հայրենիքի:
____Թող բոլորիս աչքերն էլ պայծառանան Նոր տարում, և ճանապարհները կրճատվեն, և սպասելիքները մոտենան:
____Բարին է առաջնորդել մեզ հազարամյակներ շարունակ: Մեր տվածի գեթ մի մասը պիտի որ մեզ վերադարձնի բախտ կոչվածը, որքան էլ հուլաբար ու ծուլաբար քայլի:
____Թող գալիք տարին արագացնի այդ քայլքը, ու բարին հասնի բոլորիդ ու բոլորիս: Թող հայ մանուկներ շատ ծնվեն Նոր տարում և ծնվեն ճակատի այլ գրով. կնունքը՝ որտեղ կուզի, բայց նրանց հարսանյաց հանդեսը կատարվի մեր Մայր Հայրենիքում, ստորոտներում այն լեռների, ափունքներում այն լճերի ու գետերի, որոնց անունն արտասանելիս դողում են մեր շուրթերը և փշաքաղվում է մեր մաշկը…
____Թույլ տվեք, և ձեր անունից, Նոր տարվան դիմել նաև չափածո.
ԴԻՄՈՒՄ ԵՄ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԵՍ
Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար պահանջով,
Իբրև պատասխան նրանց սրսըփուն ակնկալիքի.
Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն կանչով,
Իբրև պատասխան նրանց կարիքի.
Դո՛ւ, որ ոտներըդ խճողել ես դեռ անցյալի ցանցով,
Մինչդեռ ձեռքերըդ մեկնել ես արդեն կանչող գալիքին,-
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստըդ բարի՜:
Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց… այնպե՛ս արի,
Որ ատոմական այս ահեղ դարի
Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի
Մայրացած հարսի սրտատըրոփի համաչափությամբ,
Եվ նրա անտես սլաքները զույգ
Իրենց վիրավոր թևաթափությամբ
Ոչ թե մեզ կրկին
Քարանձավների անաչ խոռոչը մատնացույց անեն,
Այլ Տիեզերքի անկոխ դաշտերին
Մեր զույգ աչքերի հայացքը տանեն…
Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց… այնպե՛ս արի,
Որ ավելանա աշխարհի բարին,
Եվ այդ աշխարհի բախտի վրայով
Խևորեն ձգված մետաղալարին
Լարախաղացի ծպտըված տեսքով Չա՛րը չպարի՝
Ողջ մարդկությանը դնելով ծանոթ ծաղրածուի տեղ…
Ձյունն է վար իջնում
Ու ծածկում մայթեր, ծառեր ու թիթեղ:
Իսկ ուրիշ մի տեղ
Անձրևն է կրկին
Երկինք ու երկիր մեկմեկու հինում,
Կարծես թե հսկա տավիղ է շինում,
Որի հոսանուտ լարերի վրա
Իրիկնամուտի տավղահար քամին
Մրսած մատներով
Պիտի նվագի հինավուրց տաղեր՝
Ի վերա սիրո,
Վասն խնդության,
Վասն մարդկային ոգու խենթության:
Անձրևի տեսքով,
Ձյան կերպարանքով
Այդ դու ես գալիս:
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜:
Բայց… այնպե՛ս արի,
Որ անձրևը հորդ սրբելով տանի
Ոչ միայն կեղտը հոգնած մայթերի,
Այլ նաև փոշին ու մուրը հոգու,
Այլև խավար խոհ ու խարդախ խոկում,
Եվ ձյունը իջնի որոգայթների՛,
Ծանըր ամոթից շիկնած այտերի՛,
Ուրացումներից դեղնած-ժանգոտած սրտերի՛ վրա
Եվ իր այդ ճերմակ բարությամբ շռայլ
Մարդուն մարդու դեմ պարզերե՜ս անի…
Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց այսպե՛ս արի,
Եվ ոչ թե այնպե՛ս, որ ձյունը ճերմակ
Դառնա վարակի սավան ու վերմակ,
Եվ որ անձրևի ջուրն աստվածային
Մարդու արյունը ջրի վերածի,
Ու ճառագա՛յթը, ճառագա՜յթն անբիծ
Մկըրտվի իբրև մի ահեղ ու պիղծ
Նոր հիվանդության դիվային անուն,
Որից մինչև իսկ մահն է մահանում…
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜:
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլքով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար.
Ամենքըս, բա՜վ է, հասկանա՛նք իրար:
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր…
05.I.1963թ.
Երևան

Ռուբեն Սևակ
Սևակի առաջին բանաստեղծությունը «Բաժանման խոսքեր» տպագրվել է 1905–ին, «Մասիս» հանդեսում։ 1910–ին հրատարակվել է նրա «Կարմիր գիրքը» բանաստեղծությունների ժողվածուն։ Բանաստեղծը նպատակ է ունեցել ի մի հավաքել տարբեր շրջաններում գրած իր բանաստեղծությունները և հրատարակել «Սիրո գիրքը», «Քաոսը», «Վերջին հայերը» խորագրով ժողովածուներ, սակայն ողբերգական մահն անկատար է թողել նրա այս և շատ ուրիշ մտահղացումներ. Սևակի գործերը ցրված են մնացել պարբերականների էջերում։
Սևակի ստեղծագործությունը վերաբերում է որպես հայկական նեոռոմանտիզմ բնութագրող գրական ուղղությունը, սակայն աշխարհայացքով, գեղարվեստական մտածողությամբ ու ոճով ինքնուրույն տեղ է գրավում XX դ. սկզբի արևմտահայ գրական շարժման մեջ։ Սևակը գրել է սիրո, բնության, սոցիալական, ազգային–հայրենասիրական թեմաներով։
Սոցիալական անարդարության, բողոքի և ընդվզման գաղափարը գեղարվեստական մեծ ուժով արտահայտված է «Դրամին աղոթքը», «Կարմիր դրոշակը» բանաստեղծություններում և «Այս դանակը», «Թրուպադուրները», «Փողոց ավլողը», «Մարդերգություն» պոեմներում, որոնք արևմտահայ պոեզիայում այս թեմայով ստեղծված լավագույն ու ինքնքտիպ գործերից են։
Սևակի ազգային–հայրենասիրական բանաստեղծություններն ու պոեմները գրված են 1909–ի կիլիկյան ջարդերի անմիջական տպավորության տակ։ «Զանգակներ, զանգակներ», «Ով իմ հայրենիքս», «Հայաստան» քերթվածներում, որ իրավամբ դրվում են Սիամանթոյի և Դ. Վարուժանի ստեղծագործությունների կողքին, բարձրացված է ժողովրդի ողբերգական ճակատագրի թեման։
Սևակի արձակ գործերը, ժանրային իմաստով, բազմազան են՝ հոդվածներ, հանրամատչելի զրույցներ, քննադատական խորհրդածություններ։ 1911-1914–ին հիվանդանոցում աշխատելիս բանաստեղծն ականատես է եղել մարդկային բազմատեսակ ողբերգությունների, որոնց ետևում նշմարել է հասարակության բարոյական պատկերը ներկայացնող կենսական խոր դրամա։ Այդ էլ ընկած է «Բժշկին գիրքեն վրցված էջեր» գրքի պատմվածքների հիմքում. դրանք բժշկի օրագրություններ են Այս գործերում առանձին հստակությամբ է ուրվագծվում հայրենասեր և հումանիստ բանաստեղծի քաղաքացիական բարձր նկարագիրը։ Սևակը արևմտահայ գրականության պատմության մեջ ըստ էության ստեղծում էր արձակի նոր ժանր։